Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պուտին-Էրդողան` պայթյունավտանգ բարեհոգություն

Պուտին-Էրդողան` պայթյունավտանգ բարեհոգություն
21.11.2018 | 12:36

Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը տոնում են Սև ծովով նոր գազատարի շինարարության ավարտը: Սակայն նրանց հարաբերությունները մթագնում են մի քանի թեմաներ` գրում է Անդրե Բալենը Handelsblatt-ում:


«Թուրքական հոսքը» ավելին է, քան երկկողմ էներգետիկ նախագիծը և միավորում է երկու նախագահներին ու միջազգային ասպարեզում առանցքային դեր խաղալու նրանց ձգտումները: Սակայն չնայած ամբողջ ցուցադրական բարեկամությանը` Պուտինի ու Էրդողանի միջև կան կոնֆլիկտային երկու թեմաներ` ռուսական զենիթահրթիռային С-400-ների մատակարարման համաձայնագիրը և Իդլիբի նահանգիում լարված իրավիճակը: Թուրքական Anadolu գործակալության տվյալներով` Թուրքիայի կառավարությունը սպասում է, որ արդեն դեկտեմբերին Սենատը Պենտագոնին կանաչ լույս կվառի Թուրքիային Patriot հրթիռային համակարգեր մատակարարելու համար: Բայց ՆԱՏՕ-ի գործընկերոջը զենքի մատակարարումը Վաշինգտոնը կախման մեջ է դրել Ռուսաստանի հետ գործարքից Անկարայի հրաժարվելուց: Մոսկվայի համար զենքի վաճառքի գործարքի կորուստը կոշտ հարված է լինելու և Անկարան հարկադրված է փոխհատուցում վճարել: Կրեմլը զենքի գործարքները դիտարկում է ոչ միայն ֆինանսների տեսակետից, այլև համարում է քաղաքական ալյանսի նշան, որ զգալի ճեղքվածք կստանա, եթե С-400-ների վաճառքը, որի համար այդքան ուրախացել էր Մոսկվան մեկ տարի առաջ, չկայանա: Իդլիբի հարցով Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են ապառազմականացված գոտի ստեղծել, սակայն մինչև այսօր հրադադարը ֆիկցիա է: Թուրքիան լրացուցիչ ժամանակ է խնդրել, Պուտինի վերջնանպատակը Ասադի իշխանության վերականգնումն է ամբողջ երկրում: Մոսկվան հավերժ չի հանդուրժի թուրքական թիկունքից Իդլիբի զինյալներին տրամադրվող օգնությունը: Համապատասխանաբար դժվար են և բանակցությունները, երբ երկու կողմերը ցանկանում են պահպանել թե ռազմավարական համագործակցությունը, թե սեփական դեմքը:
Անդրե Բալեն, Handelsblatt


Հ.Գ. Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան երես չի թեքել Արևմուտքից, սակայն երբեմն հենց Արևմուտքն է իրենից հեռացնում Թուրքիային` գրում է BBC-ի թուրքական ծառայությունը: «Ես չեմ հասկանում այդ խոսակցությունների իմաստը: Որոշ երկրների հետ խնդիրներ ունենք, սակայն դրանք միայն Արևմուտքի երկրները չեն: Արևելյան երկրների հետ էլ ենք խնդիրներ ունենում: Փորձում ենք բանակցությունների միջոցով համատեղ լուծում տալ այդ խնդիրներին»,- ասել է Աքարը: Ի՞նչ կկատարվի ռուս-թուրքական ալյանսի հետ, երբ Արևմուտքը դռները բացի Մոսկվայի կամ Անկարայի առաջ: Առայժմ նրանց միավորում է մերժվածությունն ու մեկուսացվածությունը, իսկ դա բարեկամության իրավիճակային հիմք է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2296

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ